Հայաստանի Հանրապետության «Լեռնագործների, մետալուրգների և ոսկերիչների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միություն»-Lermet.am

Մեր մասին

Կանոնադրություն

Կանոնադրությունը կազմվել է 2016թ հունիսի 5-ին:

Բաղկացած է 12 թերթից:

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Հայաստանի Հանրապետության «Լեռնագործների, մետալուրգների և ոսկերիչների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության» վեցերորդ Հերթական Համագումարի կողմից «05» հունիսի 2016թ.

Նախագահ`Է. Փահլևանյան

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության «Լեռնագործների, մետալուրգների և ոսկերիչների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության»

Նոր խմբագրությամբ

 

Ք. Երևան
2016թ.


ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1.1. Հայաստանի Հանրապետության «Լեռնագործների, մետալուրգների և ոսկերիչների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միությունը» (այսուհետև` ԼՄՈ Արհմիություն) հիմնադրվել է լեռնամետալուրգիայի և ոսկերչության ոլորտի (համակարգի) արհեստակցական կազմակերպությունների (այսուհետև` Մասնակից) 2002թ. 20-ը սեպտեմբերի հիմնադիր համագումարի որոշմամբ, և հետապնդում է կամավորության սկզբունքով գործունեությունը համակարգելու և համախմբելու, ինչպես նաև ընդհանուր շահերը ներկայացնելու և պաշտպանելու նպատակ:

1.2. Հայաստանի Հանրապետության «Լեռնագործների, մետալուրգների և ոսկերիչների» արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միությունը հանդիսանում է միացման ձևով վերակազմակերպված և իրեն միացած «Լեռմետարհմիություն» արհեստակցական կազմակերպության իրավահաջորդը:

1.3. ԼՄՈ Արհմիությունը Մասնակիցների համար հանդիսանում է վերադաս արհեստակցական կազմակերպություն:

1.4. ԼՄՈ Արհմիությունը գործում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության օրենսդրության, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի և սույն կանոնադրության համաձայն, օրինականության, անկախության, իրավահավասարության, կամավորության, ինքնակառավարման և հրապարակայնության սկզբունքներով:

1.5. Մասնակիցների և ԼՄՈ Արհմիության միջև հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ:

1.6. ԼՄՈ Արհմիության գտնվելու վայրն է` ՀՀ ք. Երևան. Վ. Սարգսյան 26/3, 515, 516, 517 սենյակներ:

1.7. ԼՄՈ Արհմիության անվանումն է`

• հայերեն լրիվ - Հայաստանի Հանրապետության «Լեռնագործների, մետալուրգների և ոսկերիչների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միություն»
կրճատ - ՀՀ «ԼՄՈ ԱԿՃՀՄ»,

• ռուսերեն լրիվ - “Республиканский отраслевой союз профсоюзных организаций горняков, металлургов и ювелиров” Республики Армения.
կրճատ - ''РОСПО ГМЮ'' РА,

• անգլերեն լրիվ - “Branch Union of Trade Union Organizations of Miners, Metallurgists and Jewelers” of Republic of Armenia.
կրճատ - "BU TUOMMJ RA":

1.8. ԼՄՈ Արհմիությունն ունի Արարատ լեռան ուրվագծով և լեռնամետալուրգիական ոլորտի արտադրական գործընթացի գծապատկերով տարբերանշան, հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներով իր անվանումով և տարբերանշանով կլոր կնիք, ձևաթուղթ:

1.9. ԼՄՈ Արհմիությունը կարող է ունենալ բանկային հաշիվներ, այդ թվում` արտարժույթային:

2. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

2.1. ԼՄՈ Արհմիությունը ներկայացնում է իր Մասնակիցների արհմիության անդամ աշխատողների աշխատանքային ու դրա հետ կապված մասնագիտական, տնտեսական և սոցիալական իրավունքներն ու շահերը գործատուների համապատասխան ճյուղային միությունում, տեղական ինքնակառավարման և պետական կառավարման հանրապետական մարմիններում և պաշտպանում դրանք աշխատանքային հարաբերություններում:

2.2. ԼՄՈ Արհմիությունը իր մասնակիցների աշխատանքային և սոցիալական իրավունքների պաշտպանությանն ուղղված նորմատիվ ակտեր ընդունելու, այդ ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն և Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավորներին:

2.3. ԼՄՈ Արհմիությունը Սոցիալական գործընկերության տարբեր մակարդակներում ապահովում է աշխատողների և գործատուների շահերի համաձայնեցումը:

2.4. ԼՄՈ Արհմիությունը Գործատուի հրավերով մասնակցում է ճյուղային ծրագրերի մշակմանը և դրանց կենսագործմանը:

2.5. ԼՄՈ Արհմիությունը գործատուին ներկայացնում է առաջարկություններ Մասնակիցների արհմիության անդամների աշխատանքի անվտանգ պայմանների ապահովման ու բարելավման, հանգստի կազմակերպման, նոր տեխնիկայի ներդրման, ձեռքի աշխատանքի թեթևացման, արտադրական նորմերի վերանայման, աշխատանքի վարձատրության չափի և կարգի վերաբերյալ:

2.6. ԼՄՈ Արհմիությունը հանդես է գալիս աշխատանքային հարաբերությունների, զբաղվածության, աշխատանքի պաշտպանության, աշխատողների առողջության, սոցիալական և կենսաթոշակային ապահովության, արհմիութենական գործունեության երաշխիքների ընդլայնման ուղղությամբ:

2.7. ԼՄՈ Արհմիության շարքերում ընդգրկել նոր Մասնակիցների:

2.8. ԼՄՈ Արհմիությունը, ի դեմս իր ղեկավար մարմնի կամ ներկայացուցչի կարող է կնքել (վերակնքել)կոլեկտիվ պայմանագիր գործատուի հետ, գործատուների միության հետ:

2.9. ԼՄՈ Արհմիությունն աջակցում է Մասնակիցներին գործատուների հետ կոլեկտիվ բանակցություններ վարելու և կոլեկտիվ պայմանագրեր կնքելու գործում:

2.10. ԼՄՈ Արհմիությունը իրականացնում է տնտեսության համապատասխան ճյուղի Գործատուների միավորումների, ինչպես նաև համապատասխան նախարարությունների ու գերատեսչությունների հետ երկկողմ պայմանագրերի կնքում և նրանց կատարման նկատմամբ վերահսկողություն:

2.11. ԼՄՈ Արհմիությունը ապահովում է Միջազգային արհմիութենական և այլ կազմակերպությունների ու շարժումների հետ արդյունավետ համագործակցություն:

2.12. ԼՄՈ Արհմիությունը իրականացնում է Արհմիութենական կադրերի ուսուցման, պատրաստման, վերապատրաստման ու որակավորման, վերաորակավորման կազմակերպում:

2.13. ԼՄՈ Արհմիության Մասնակիցներին, նրանց անդամներին, Ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրել դրամական և բնամթերային օգնություն:

 3. ԼՄՈ ԱՐՀՄԻՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ,
ՂԵԿԱՎԱՐ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

ԼՄՈ Արհմիության մարմիններն են՝

• ԼՄՈ Արհմիության համագումարը (այսուհետ՝ Համագումար),
• ԼՄՈ Արհմիության խորհուրդը (այսուհետ՝ Խորհուրդ),
• ԼՄՈ Արհմիության նախագահությունը (այսուհետ՝ Նախագահություն),
• ԼՄՈ Արհմիության նախագահը,
• ԼՄՈ Արհմիության Վերստուգիչ հանձնաժողովը:
Խորհուրդը և Նախագահությունը ԼՄՈ Արհմիության ղեկավար մարմիններ են:

3.1. ՀԱՄԱԳՈՒՄԱՐ

3.1.1. ԼՄՈ Արհմիության բարձրագույն մարմինը Համագումարն է, որը հրավիրվում է ոչ ուշ, քան հինգ տարին մեկ անգամ՝ մասնակցությամբ ԼՄՈ Արհմիության Մասնակիցների կողմից համամասնորեն պատվիրակված պատվիրակների, որոնց լիազորությունները պահպանվում են մինչև հաջորդ Համագումարը: ԼՄՈ Արհմիության Խորհրդի որոշումը համագումարի հրավիրման, օրակարգի նախագծի, ժամկետի, անցկացման տեղի և Մասնակիցների ներկայացուցչական նորմի մասին ընդունվում է համագումարի բացումից երեսուն օր առաջ և ամենաուշը քսան օր առաջ ուղարկվում է անդամ Մասնակիցներին։
Համագումարի պատվիրակների ընտրության կարգը որոշում է անդամ Մասնակիցը։

3.1.2. Համագումարը ունի ԼՄՈ Արհմիության գործունեության ցանկացած հարցի վերջնական լուծման իրավունք:

3.1.3. Համագումարը իրավազոր է, եթե աշխատանքներին մասնակցում են պատվիրակների ընդհանուր թվի ոչ պակաս, քան 2/3ը: Որոշումներն ընդունվում են ներկա պատվիրակների ձայների պարզ մեծամասնությամբ՝ քվորումի առկայության դեպքում: Քվեարկության ձևը (բաց թե փակ) որոշվում է Համագումարում: ԼՄՈ Արհմիության նախագահի և տեղակալի (տեղակալների) ընտրության մեկից ավելի թեկնածուների առկայության դեպքում ընտրությունը կատարվում է փակ քվեարկությամբ։

3.1.4. Խորհրդի որոշմամբ կարող է հրավիրվել արտահերթ համագումար Խորհրդի անդամների ձայների 2/3-ով։ Խորհրդի որոշումը արտահերթ համագումարի հրավիրման, օրակարգի նախագծի, ժամկետի, անցկացման տեղի և Մասնակիցների ներկայացուցչական նորմի մասին ընդունվում է արտահերթ համագումարի բացումից տասը օր առաջ և ամենաուշը հինգ օր առաջ ուղարկվում է անդամ Մասնակիցներին։

3.1.5. Համագումարի բացառիկ իրավասությունն է`
• հաստատել ԼՄՈ Արհմիության կանոնադրությունը և վերստուգիչ հանձնաժողովի կանոնակարգը, փոփոխություններ կատարել դրանցում,
• ընտրել 5 տարի ժամկետով ԼՄՈ Արհմիության նախագահ, անհրաժեշտության դեպքում ետ կանչել նրան,
• նախագահի առաջարկությամբ ընտրել նախագահի տեղակալ(ներ)՝ բացառապես հասարակական կարգով, Խորհրդի և Վերստուգիչ հանձնաժողովի անդամներ և անհրաժեշտության դեպքում ետ կանչել նրանց,
• ընդունել ԼՄՈ Արհմիության վերակազմակերպման և լուծարման մասին որոշումներ՝ պատվիրակների ձայների 2/3-ով,
• սահմանել ԼՄՈ Արհմիության խնդիրները,
• լսել հաշվետու ժամանակահատվածում ԼՄՈ Արհմիության ղեկավար մարմինների և վերստուգիչ հանձնաժողովի կատարած աշխատանքների մասին հաշվետվությունները, ընդունել համապատասխան որոշումներ,
• կազմավորել Խորհրդի կազմը՝ յուրաքանչյուր անդամ Մասնակցի կողմից համամասնորեն պատվիրակված ներկայացուցիչներով՝

- արհմիության մինչև 500 անդամի համար՝ խորհրդի մեկ անդամ,

- արհմիության 501 անդամից մինչև 1000 անդամի համար՝ խորհրդի երկու անդամ,

- արհմիության 1001 անդամից մինչև 1500 անդամի համար՝ խորհրդի երեք անդամ,

- արհմիության 1501 անդամից մինչև 2000 անդամի համար՝ խորհրդի չորս անդամ,

- արհմիության 2001 անդամից մինչև 2500 անդամի համար՝ խորհրդի հինգ անդամ,

- արհմիության 2501 անդամից մինչև 3000 անդամի համար՝ խորհրդի վեց անդամ,

- արհմիության 3001 անդամից մինչև 3500 անդամի համար՝ խորհրդի յոթ անդամ,

• կազմավորել Նախագահության կազմը՝ յուրաքանչյուր Մասնակցից պատվիրակած մեկական ներկայացուցչով,
• կազմավորել վերստուգիչ հանձնաժողովի կազմը՝ առնվազն երեք անդամից,
• որոշում կայացնել ԼՄՈ Արհմիության նախագահի հետ աշխատանքային պայմանագիր կնքելու մասին։

3.2. ԽՈՐՀՈՒՐԴ

3.2.1. Խորհուրդը գործում է Համագումարների միջև ընկած ժամանակաշրջանում, հաշվետու է նրա առաջ:

3.2.2. Կենսագործում է Համագումարի որոշումները և սույն կանոնադրության պահանջները:

3.2.3. Որոշում է կայացնում Մասնակից ընդունելու կամ ազատելու մասին:

3.2.4. Որոշում է կայացնում արհեստակցական կազմակերպությունների հանրապետական միությանը ԼՄՈ Արհմիության անդամակցելու կամ անդամությունը դադարեցնելու մասին:

3.2.5. Տնօրինում է ԼՄՈ Արհմիության սեփականությունը, հաստատում է ԼՄՈ արհմիության բյուջեն և տարեկան հաշվետվությունը:

3.2.6. Որոշում է կայացնում առանձնացված ստորաբաժանում ստեղծելու կամ լուծարելու մասին, հաստատում է նրանց կանոնադրությունը:

3.2.7. Մշակում և հաստատում է ԼՄՈ Արհմիության առանձին գործունեությունը կանոնակարգող փաստաթղթերը:

3.2.8. Պետական կառավարման մարմինների հետ բանակցություն է վարում և կնքում է Համաձայնագիր:

3.2.9. Խորհրդի անդամները աշխատանքի պայմանների ուսումնասիրման նպատակով այցելում են այն աշխատատեղերը, որտեղ աշխատում են Մասնակիցների արհմիության անդամները: Աշխատատեղում աշխատանքի պայմանների հետ կապված, աշխատողի կյանքին և առողջությանը վտանգ սպառնացող իրադրություն ի հայտ գալու դեպքում միջնորդագրով գործատուից պահանջում է միջոցներ ձեռնարկել ի հայտ եկած վտանգը վերացնելու կամ մինչև դրա վերացումն աշխատանքն այդ աշխատատեղում դադարեցնելու համար:

3.2.10. Մասնակցի իրավունքներն ու շահերը պաշտպանելու նպատակով միջնորդագրով դիմում է պետական մարմիններին, գործատուին և այլ անձանց, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով բողոքարկում է նրանց գործողությունները (անգործությունը):

3.2.11. Օրենքով սահմանված կարգով կազմակերպում և անցկացնում է միջոցառումներ, դրանց հետ կապված բանակցություններ է վարում պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, գործատուների, այլ կազմակերպությունների, նրանց պաշտոնատար անձանց հետ:

3.2.12. Կանոնադրական խնդիրներն իրագործելու նպատակով պետական մարմիններից, տեղական ինքնակառավարման մարմիններից և գործատուներից ստանում է տեղեկություններ օրենքով սահմանված կարգով:

3.2.13. ԼՄՈ Արհմիության գործունեությունը լուսաբանում է զանգվածային լրատվության միջոցներով կամ այդ նպատակով ունենում է լրատվության միջոցներ` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

3.2.14. ԼՄՈ Արհմիության անունից համագործակցում է միջազգային և այլ երկրների արհեստակցական միությունների և այլ հասարակական միավորումների հետ:

3.2.15. Ինքնուրույն որոշում է ԼՄՈ Արհմիության գործունեության ձևերը:

3.2.16. Ուսումնասիրում և տարածում է արհմիութենական աշխատանքի փորձը:

3.2.17. Նիստերը հրավիրում է ոչ պակաս, քան տարին մեկ անգամ, որոշումներն ընդունում է անդամների ոչ պակաս 2/3-ի մասնակցությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ, բաց քվեարկությամբ:

3.2.18. Առաջարկում է համագումարին որոշում ընդունել ԼՄՈ Արհմիության նախագահի, տեղակալ (ների) լիազորությունները ժամկետից շուտ դադարեցնելու մասին: Համագումարների միջև ընկած ժամանակահատվածում ԼՄՈ Արհմիության նախագահի սեփական նախաձեռնությամբ լիազորությունները դադարեցնելու դեպքում որոշում է կայացնում ԼՄՈ Արհմիության նախագահի պարտականությունները տեղակալի, իսկ անհնարինության դեպքում՝ նախագահության անդամներից մեկի վրա ժամանակավորապես դնելու մասին:

3.2.19. Ընդունում է որոշում Խորհրդի անդամի լիազորությունների հաստատման, կասեցման, Մասնակցի կողմից ետ կանչման կամ փոխարինման մասին:

3.2.20. Հաստատում է նախագահության որոշումը նախագահության կազմի փոփոխության վերաբերյալ:

 

3.3 ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅՈՒՆ
Խորհրդի նիստերի միջև ընկած ժամանակաշրջանում գործադիր աշխատանքները իրականացնում է նախագահությունը, որը ընտրվում է Խորհրդի կողմից` 5 տարով:

Նախագահության նիստը հրավիրում է ԼՄՈ Արհմիության նախագահը ոչ ուշ, քան երեք ամիսը մեկ անգամ և այդ մասին ոչ ուշ, քան հինգ աշխատանքային օր առաջ տեղյակ է պահում նախագահության անդամներին: ԼՄՈ Արհմիության նախագահը հրավիրում է նախագահության նիստ նաև նախագահության անդամների 1/3-ի պահանջով:

Նախագահության նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում են նախագահության անդամների ոչ պակաս, քան 2/3-ը: Որոշումներն ընդունվում են, եթե քվորումի առկայության դեպքում որոշման օգտին քվեարկել է նիստին մասնակցող անդամների պարզ մեծամասնությունը:

Նախագահությունը՝

3.3.1. ընդունում է որոշում Խորհրդի նիստի հրավիրման, դրա օրակարգի նախագծի, անցկացման տեղի և ժամկետի մասին,

3.3.2. լսում է ԼՄՈ Արհմիության Նախագահի տարեկան հաշվետվությունը,

3.3.3. որոշում է ընդունում արհմիութենական կադրերի և ակտիվի ուսուցումը, պատրաստումը, վերապատրաստումը, որակավորումը և վերաորակավորումը կազմակերպելու մասին,

3.3.4. քննարկում է ԼՄՈ Արհմիության տարեկան բյուջեն, ֆինանսական հաշվետվությունը և ներկայացնում է Խորհրդի հաստատմանը: Իրականացնում է ԼՄՈ Արհմիության ֆինանսատնտեսական գործունեությունը:

3.3.5. հաստատում է ԼՄՈ Արհմիության վճարովի աշխատողների հաստիքները և նրանց աշխատավարձը:

3.3.6. իրականացնում է Համագումարի և Խորհրդի կողմից պատվիրակած այլ գործառույթներ,

3.3.7. ընդունում է որոշում Նախագահության անդամի լիազորությունների հաստատման, կասեցման, Մասնակցի կողմից նրա ետ կանչման կամ փոխարինման մասին:

3.3.8. որոշում է կայացնում օրենքով սահմանված կարգով արհմիութենական և հանրային միջոցառումներ, գործադուլներ և հավաքներ կազմակերպելու մասին:

3.3.9. ընդունում է որոշում ԼՄՈ Արհմիության Մասնակիցներին, նրանց անդամներին, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց դրամական և բնամթերային օգնություն տրամադրելու վերաբերյալ:

3.4. ԼՄՈ ԱՐՀՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԸ, ՏԵՂԱԿԱԼ(ՆԵՐ)Ը

3.4.1. ԼՄՈ Արհմիության ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է ԼՄՈ Արհմիության նախագահը, (նրա բացակայության դեպքում՝ նախագահի տեղակալը) ով հաշվետու է Համագումարի առջև։ Նախագահը և տեղակալ(ներ)ը ի պաշտոնե հանդիսանում են Համագումարի պատվիրակներ, Նախագահն ի պաշտոնե Նախագահության և Խորհրդի նախագահ է:
Նախագահը`

3.4.2. ներկայացնում է ԼՄՈ Արհմիությունը Հայաստանի Հանրապետությունում և արտասահմանում:

3.4.3. կազմակերպում և ղեկավարում է Խորհրդի նիստերը, Նախագահության աշխատանքները, ստորագրում է Համագումարի, Խորհրդի և Նախագահության որոշումները, Խորհրդի արձանագրությունները, ապահովում է Համագումարի, Խորհրդի և Նախագահության որոշումների կատարումը:

3.4.4. գործում է առանց լիազորագրի, տալիս է լիազորագրեր:

3.4.5. կազմավորում է ԼՄՈ Արհմիության աշխատակազմը, կնքում և լուծում է պայմանագրեր, այդ թվում՝ աշխատանքային:

3.4.6. իր իրավասության սահմաններում տնօրինում է ԼՄՈ Արհմիության սեփականությունը, գործարքներ է կատարում, տալիս է կարգադրություններ, հանձնարարություններ, վերահսկում է դրանց կատարումը:

3.4.7. իր դիմումի համաձայն կարող է ազատվել պաշտոնից Խորհրդի որոշմամբ, որի դեպքում մինչև հաջորդ Համագումարը ԼՄՈ Արհմիությունը գործում է 3.2.18 կետով սահմանված կարգով:

3.5. ՎԵՐՍՏՈՒԳԻՉ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

3.5.1. Վերստուգիչ հանձնաժողովը ստեղծվում է ԼՄՈ Արհմիության ֆինանսատնտեսական գործունեության, անդամավճարների հաշվարկման և մուտքագրման, ֆինանսական միջոցների ճիշտ ծախսման, ԼՄՈ Արհմիության ղեկավար մարմինների որոշումների կատարման և ԼՄՈ Արհմիության գույքի օգտագործման վերահսկողությունը իրականացնելու նպատակով:

3.5.2. Վերստուգիչ հանձնաժողովը ինքնուրույն է իր գործողություններում, ղեկավարվում է ՀՀ օրենսդրությամբ, ԼՄՈ Արհմիության կանոնադրությամբ, Համագումարի կողմից հաստատված իր կանոնակարգով և հաշվետու է Համագումարին։

3.5.3. Վերստուգիչ հանձնաժողովի կազմում չեն կարող ընդգրկվել ԼՄՈ Արհմիության ղեկավար մարմինների անդամները, ԼՄՈ Արհմիության աշխատակազմի աշխատակիցները։

3.5.4. Վերստուգիչ հանձնաժողովը իրականացնում է հսկողություն ԼՄՈ Արհմիության հասցեով ստացված դիմումների և առաջարկությունների քննարկման ժամկետների պահպանման վրա:

3.5.5. Վերստուգիչ հանձնաժողովն իր կազմից ընտրում է հանձնաժողովի նախագահ, որոշումները ընդունում է իր անդամների 2/3-ի մասնակցությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ, բաց քվեարկությամբ:

3.5.6. Վերստուգիչ հանձնաժողովի նախագահը խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցում է Նախագահության և Խորհրդի նիստերին։

4. ՄԱՍՆԱԿԻՑ ԴԱՌՆԱԼՈՒ ԵՎ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈԻ ԿԱՐԳԸ

4.1. Մասնակից կարող է դառնալ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր արհեստակցական կազմակերպություն և արհեստակցական կազմակերպությունների միություն, որը ընդունում է սույն կանոնադրությունը:

4.2. Մասնակից ընդունելու կամ մասնակցությունից ազատելու որոշումը կայացնում է Խորհուրդը գրավոր դիմումի հիման վրա, երեք ամսվա ընթացքում, դիմողի լիազոր ներկայացուցչի մասնակցությամբ:

4.3. Մասնակցի կողմից թույլ տված կանոնադրական խախտման համար Խորհուրդը կարող է կիրառել կարգապահական տույժեր և որպես ծայրահեղ միջոց` մասնակցությունից հեռացնել: Մասնակցին տույժի ենթարկելու մասին որոշումը կայացվում է նրա լիազոր ներկայացուցչի ներկայությամբ:

4.4. ԼՄՈ Արհմիությունից դուրս եկած կամ հեռացված նախկին Մասնակիցը ԼՄՈ Արհմիության սեփականության նկատմամբ մասնաբաժնի իրավունք չունի, նրա կողմից վճարված անդամավճարի գումարը չի վերադարձվում:

5. ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

5.1. Մասնակիցն իրավունք ունի`

5.1.1. ունենալ պատվիրակներ ԼՄՈ Արհմիության Համագումարում, որոշել նրանց ընտրության կարգը,

5.1.2. Համագումարում իր պատվիրակին առաջադրել Խորհրդի, Նախագահության և Վերստուգիչ հանձնաժողովի կազմում, համամասնության սկզբունքով մասնակցել դրանց ընտրությանը,

5.1.3. իր լիազոր ներկայացուցչի միջոցով Համագումարում, Խորհրդի, Նախագահության նիստում ազատ քննարկել ԼՄՈ Արհմիության գործունեության բոլոր հարցերը, տալ առաջարկություններ, արտահայտել և պաշտպանել սեփական կարծիքը մինչև որոշման ընդունումը,

5.1.4. գործատուի կողմից կոլեկտիվ պայմանագրի չկատարման կամ աշխատանքային օրենսդրության խախտման դեպքում իր շահերի պաշտպանման համար դիմել Խորհրդին,

5.1.5. իր լիազոր ներկայացուցչի միջոցով մասնակցել Խորհրդի, Նախագահության նիստերին, երբ քննարկվում է իր դիմումը կամ առաջարկությունը,

5.1.6. Խորհրդից և ԼՄՈ Արհմիության աշխատակազմից ստանալ իրավաբանական խորհրդատվություն և աջակցություն:

5.2. Մասնակիցը պարտավոր է`

5.2.1. կատարել սույն կանոնադրության պահանջները,

5.2.2. մասնակցել ԼՄՈ Արհմիության աշխատանքներին, նրա կազմակերպած միջոցառումներին, կատարել Համագումարի և Խորհրդի որոշումները,

5.2.3. մուծել ամենամսյա անդամավճար, արհմիության անդամների անդամավճարի ամենամսյա գումարի 20% -ը,

5.2.4. չանդամագրվել այլ արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության:

 

6. ԼՄՈ ԱՐՀՄԻՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՅԱՑՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ ՈՒ ՆՐԱՆՑ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԿԱՐԳԸ

6.1. ԼՄՈ Արհմիության միջոցների և սեփականության ձևավորման աղբյուրներ են հանդիսանում`

• Մասնակիցների ամենամսյա անդամավճարները.

• իրավաբանական և ֆիզիկական անձանց ֆինանսական և գույքային կամավոր մուծումները և նվիրաբերումները.

• ԼՄՈ Արհմիության պատկանող ֆինանսական ազատ միջոցների բանկերում բաժնետոմսերի և այլ արժեթղթերի ձևով ներդնելուց ստացված եկամուտները.

• ԼՄՈ Արհմիության կողմից օրենքով սահմանված կարգով իրականացված ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտները.

• տեղական, արտասահմանյան կազմակերպությունների կամավոր օգնությունները, նվիրատվությունները, բարեգործական օժանդակությունները, նպատակային ֆինանսավորումները և օրենքով չարգելված այլ աղբյուրներ:

6.2. ԼՄՈ Արհմիության միջոցների և սեփականության գոյացման աղբյուրների տնօրինումը կատարվում է Խորհրդի հաստատած տարեկան նախահաշվի համաձայն, կանոնադրկան խնդիրների իրականացման համար:

6.3. ԼՄՈ Արհմիությունը, որպես սեփականություն կարող է ունենալ շենքեր, տրանսպորտային միջոցներ, սարքավորումներ, դրամական միջոցներ և Հայաստանի Հանրապետության օրենքներով չարգելված այլ գույք:

6.4. Խորհուրդը յուրաքանչյուր օրացույցային տարվա ավարտից հետո եռամսյա ժամկետում հրապարակում է ԼՄՈ Արհմիության սեփականության օգտագործման տարեկան հաշվետվությունը:

7. ԼՄՈ ԱՐՀՄԻՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ, ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

7.1. ԼՄՈ Արհմիությունը ձեռք է բերում իրավաբանական անձի կարգավիճակ պետական գրանցման պահից:

7.2. ԼՄՈ Արհմիությունը ունի իրավաբանական անձի համար սահմանված բոլոր իրավունքները և կրում է համապատասխան պատասխանատվություն:

7.3. ԼՄՈ Արհմիությունը վերակազմակերպվում է Համագումարի որոշմամբ` օրենքով սահմանված կարգով:

7.4. ԼՄՈ Արհմիությունը լուծարվում է Համագումարի կամ դատարանի կողմից:

7.5. Համագումարի կողմից լուծարման դեպքում կազմավորվում է լուծարման հանձնաժողով, որն օրենքով սահմանված կարգով իրականացնում է լուծարման գործընթացը:

7.6. Պարտատերերի պահանջները բավարարելուց հետո մնացած գույքը օգտագործվում է ԼՄՈ Արհմիության կանոնադրական խնդիրների իրականացման համար, իսկ եթե դա հնարավոր չէ փոխանցվում է պետական բյուջե:

ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆ

Իրավաբանական խորհրդատվական ծառայություն
Հաճախ տրվող հարցերի դարան
Ինչպես ստեղծել Արհմիութենական կազմակերպություն
Ինչպես դառնալ Արհմիության անդամ
Ճյուղային հանրապետական միության հայտարարությունը COVID-19-ի դեմ պատվաստման վերաբերյալ
  • International Labour Organization
  • Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիա
  • Արհմիությունների միջազգային միավորման Լեռնամետալուրգիական արդյունաբերության աշխատողների արհեստակցական միությունների ֆեդերացիա
  • Solidarity Center
  • Հայաստանի հանքագործների և մետալուրգների միություն իրավաբանական անձանց միություն
  • IndustriAll Գլոբալ միություն