«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ի արհեստակցական կազմակերպությունը դատարանում հաղթանակ է տարել «Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ի արհեստակցական կազմակերպության նախագահի իրավունքները սահմանափակող գործողության նկատմամբ, քանի որ 2023 թվականից ընկերության ղեկավարությունն արգելում էր արհեստակցական կազմակերպության նախագահին մուտք գործել ընկերության տարածք արհեստակցական կազմակերպության նախագահի իրավունքների և պարտականությունների իրականացման համար:
Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի (ՀԱՄԿ) հետ համագործակցող փաստաբան Ն. Համբարձումյանը «Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ի արհեստակցական կազմակերպության անունից դիմել էր դատարան ընդդեմ «Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն Կ. Հակոբյանի՝ պահանջելով չխոչընդոտել «Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ի արհեստակցական կազմակերպության նախագահ Հ. Ալեքյանի՝ որպես ընկերության արհեստակցական կազմակերպության նախագահի իրավունքների և պարտականությունների կատարմանը և ապահովել վերջինիս ազատ մուտքը և ելքը ընկերության տարածք յուրաքանչյուր օր, օրական 24 ժամ գրաֆիկով՝ առանց սահմանափակման, քանի որ հայցադիմումի ներկայացման պահին ընկերությունն աշխատել է 24 ժամ գրաֆիկով:
Երևանի քաղաքացիական դատարանը մասնակի բավարարել է հայցը հօգուտ արհեստակցական կազմակերպության՝ պարտավորեցնելով «Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ին երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 09:00-ից 18:00-ն, արհեստակցական կազմակերպության նախագահին թույլատրել անարգել մուտք գործել ընկերության տարածք։ Դատարանը որոշումը կայացնելիս հաշվի է առել ընկերության աշխատանքային ժամերի փոփոխությունը, քանի որ ընկերությունն այժմ աշխատում է միայն աշխատանքային օրերին և նշված ժամերին:
Այս հաղթանակը ոչ միայն Հ. Ալեքյանի և «Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ի արհեստակցական կազմակերպության հաղթանակն է, այլ նաև բոլոր արհեստակցական կազմակերպությունների, որը կարող է օրինակ ծառայել արհեստակցական կազմակերպությունների իրավունքների պաշտպանության համար:
Հիշեցնենք նաև, որ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի օգնությամբ Հ․ Ալեքյանը դեռևս 2023 թվականին ևս մեկ հաղթանակ է տարել ընդդեմ «Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ի ՝ վերականգնելով իր խախտված աշխատանքային իրավունքները։
Имя* | |
Ваш e-mail адрес* | |
E-mail получателя* | |